ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՐԱԿԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ

ՈՐԱԿԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ
26.11.2010 | 00:00

Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվեց «Արմպրոդէքսպո» ամենամյա 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը: Երկրի ղեկավարը շրջեց ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցեց նրանց հետագա ծրագրերի և խնդիրների շուրջ:
Ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 60 ընկերություն. հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ձեռնարկություններ, փոքր և միջին բիզնեսը ներկայացնող տնտեսավարող ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող` սննդի արտադրությամբ զբաղվող 20-ից ավելի արտասահմանյան ձեռնարկություններ Բելառուսից, ՈՒկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից:
Քառօրյա ցուցահանդեսում ներկայացված էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք, պտուղ-բանջարեղենի պահածոներ և հյութեր, մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, հրուշակեղեն, չոր մրգեր, սուրճ, բուսական յուղեր, փաթեթավորող նյութեր և այլն։ «Արմպրոդէքսպո»-ն կազմակերպել էին ՀՀ գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներկայացնել հանրապետության վերամշակող արդյունաբերության զարգացումը, ցուցադրել Հայաստանի սննդի արդյունաբերության լավագույն ապրանքատեսակները, նպաստել հայրենական արտադրողների, տեղական և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև անմիջական գործարար կապերի ստեղծմանը։
Ըստ Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Արմեն Դավթյանի՝ «Արմպրոդէքսպո»-ում ցուցադրվում են մեկ տարվա ընթացքում սննդի արտադրության մեջ տեղի ունեցած առաջընթացը և Հայաստանում արտադրվող լավագույն սննդամթերքը։ Ցուցահանդեսի կարևոր խնդիրներից մեկը հայ և արտերկրի արտադրողների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումն է, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման խթանումը։
«Արմպրոդէքսպո-2010»-ին մասնակցող ընկերություններից է Ստեփանակերտի կոնյակի գործարանը։ Այն հիմնադրվել է 2002-ին։ Ինչպես նշում է գործարանի ներկայացուցիչ Արթուր Ասրյանը, ընկերության գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է։ Գործարանում կոնյակի սպիրտի հնեցումն ամբողջովին կատարվում է ավանդական տակառային եղանակով՝ կաղնու փայտից պատրաստված տակառներում։ Գործարանի հատկապես կարևոր նշանակության ուղղություններից է նաև գինեգործությունը. այստեղ արտադրվում է գինիների լայն տեսականի՝ «Խնդողնի», «Բերդաշեն», «Ճարտար», «Արենի»։ Ստեփանակերտի կոնյակի գործարանը մշակում է ավելի քան 210 հա խաղողի այգի։ Նռան գինիների արտադրության նպատակով մշակվում և ընդարձակվում են նռան այգիները։ Ներկայումս գործարանն ունի ավելի քան 60 հա նռան այգի։
Ստեփանակերտի կոնյակի գործարանն արտադրում է նաև օղիներ, ինչպես նաև՝ Արցախի համար ավանդական համարվող թթի և հոնի օղի։ Ցորենի սպիրտի արտադրության նպատակով գործարանը մշակում է շուրջ 700 հա ցորենի ցանքատարածություն։ Գործարանն իր հումքն ամբողջությամբ մթերում է Լեռնային Ղարաբաղից, ընդ որում, տարեցտարի մթերումների ծավալներն ավելանում են։ Արցախում մթերվող խաղողի բերքի 70-80 տոկոսը մթերում է հենց Ստեփանակերտի կոնյակի գործարանը։
Արտադրանքի սպառման հիմնական շուկան Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն են, խմիչքներն արտահանվում են նաև Ռուսաստանի Դաշնություն։ Արթուր Ասրյանը նշում է, որ արտահանումը տարեցտարի ավելանում է։ Իհարկե, ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ արտահանման ծավալների վրա, սակայն դրական միտումները շարունակվում են. «Այսօր արդեն նպատակ ենք դրել մուտք գործել եվրոպական և ԱՊՀ երկրների շուկաներ։ Աշխատանքներ են տարվում իրացման ծավալները մեծացնելու ուղղությամբ, այդ համատեքստում ծրագրվում է, որ 2011-ին կթողարկվի նոր տարաներով 10 տարեկան կոնյակ։ Կարտադրվի նաև գինիների նոր տեսականի»։
Ստեփանակերտի կոնյակի գործարանի կարևորագույն խնդիրներից մեկն Արցախում աշխատատեղեր ստեղծելն ու ԼՂՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է։ Գործարանն ունի ավելի քան 600 աշխատող։ Բացի այդ, այստեղ շեշտը դրվում է որակի վրա. ամեն ինչ անում են սպառողին բարձրորակ արտադրանք տալու համար։
Արթուր Ասրյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի կոնյակի գործարանն ակտիվորեն համագործակցում է Երևանի կոնյակի գործարանի հետ։ Մարտունիում կառուցվում է սպիրտի թորման նոր արտադրամաս, որը սպիրտ կտրամադրի նաև Երևանի կոնյակի գործարանին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4114

Մեկնաբանություններ